Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի կարևոր նպատակներից մեկը երիտասարդների շրջանում գիտության տարածումն ու նրանց դեպի գիտություն ուղղորդելն է: Գիտության հանդեպ ոչ ադեկվատ վերաբերմունքի մեր ժամանակներում նման գրքերի երևան գալն, անկասկած, պետք է ողջունել: Այս գրքում, ինչպես և սպասելի էր վերնագրից, մեծ տեղ է տրված աստղագիտությանը: Դա առավել ևս խրախուսելի է, քանի որ Բյուրականի Աստղադիտարանն կարիք ունի երիտասարդների, որոնք կուզենային շարունակել հայ աստղագիտական դպրոցի ավանդույթները և պահպանել դրա բարձր վարկն աշխարհում:

Ավետիք Գրիգորյանը մասնագիտությամբ աստղագետ է և աստղագիտությանը վերաբերող բաժինը կարողացել է շարադրել իսկական մասնագետին վայել ճշգրտությամբ և աշխարհայացքով: Բյուրականի Աստղադիտարանում նրան ճանաչում են որպես բանիմաց մասնագետ, որը երկար տարիներ աստղագիտություն, ավիացիա և տիեզերագնացություն է դասավանդել հետաքրքրվող աշակերտներին Հայկական երիտասարդական տիեզերագիտական ընկերության Տիեզերագիտական ակումբում, կազմակերպել գիտակրթական միջոցառումներ, մասնակցել Բյուրականի Աստղադիտարանի կազմակերպած աստղագիտական դպրոցներին, ինչպես նաև աստղագիտության հանրապետական և միջազգային օլիմպիադաներին՝ որպես ժյուրիի անդամ և Հայաստանի թիմի ղեկավար: Նրա աշակերտներից ոմանք որպես մասնագիտություն ընտրել են հենց աստղագիտությունը, շատերն էլ՝ ֆիզիկան, մաթեմատիկան և այլ գիտատեխնիկական մասնագիտություններ ու արդեն հասել լուրջ հաջողությունների Հայաստանում և արտասահմանում: Այս փորձառությունը նրան թույլ է տվել ընտրել ու շարադրել գրքի նյութն առավել ընկալելի և փոխհամաձայնեցված հերթականությամբ ու նաև հասկանալի լեզվով:

Մեր երկրի համար ծանր, պատերազմական տարիներին հեղինակը, ցավոք ստիպված եղավ հեռանալ Բյուրականի Աստղադիտարանից ու աշխատանքի անցնել ռազմարդյունաբերական համալիրում, ներդնել իր ջանքերը պաշտպանական միջոցների ստեղծման գործում: Մյուս կողմից, մասնագիտության այդ փոփոխությունը հեղինակին թույլ է տվել խորը մասնագիտական իմացություն դրսևորել անգամ Հայաստանի համար այնպիսի ոչ ավանդական բնագավառում, ինչպիսին օրինակ հրթիռաշինությունն է:

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն, թե ինչպես է ներկայացված հայ ժողովրդի և հայ գիտնակաների ներդրումը համաշխարհային գիտության, մասնավորապես աստղագիտության մեջ: Հեղինակը երբեք չափը չի անցել, հեռու է մնացել ազգային սնապարծությունից, բայց և կարողացել է պատշաճ ներկայացնել առավել արժանիներին, որոնք իսկապես փայլում են այլ ազգերի անվանի գիտնակաների կողքին: Սա նույնպես անկասկած կծառայի որպես ոգևորող գործոն մեր աճող սերնդի համար:

Գիրքը գրագետ է պատրաստված նաև մեթոդական առումով: Օրինակ, աստղագիտության հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելու համար հեղինակը միտումնավոր սևեռում է ընթերցողի ուշադրությունը դեռ պատասխան չգտած հարցադրումների ու չլուծված խնդիրների վրա: Հետաքրքիր և ուսանելի են ներկայացված նաև ֆիզիկային վերաբերող մասերը: Կարծում եմ, որ մնացած մասերն էլ նմանապես կգնահատեն համապատասխան բնագավառների մասնագետները:

Կարևոր է, որ գիրքը ներկայացնում է ոչ միայն դասական դարձած գիտատեխնիկական տեղեկությունները, այլև ամենաթարմ նորությունները: Ակներևաբար հեղինակը, երկար տարիներ բուն աստղագիտությամբ չզբաղվելով հանդերձ, հետևել է այդ բնագավառում առ այսօր տեղ գտած զարգացումներին և ճիշտ շեշտադրումներով ներկայացրել առկա միտումները ժամանակակից աստղաֆիզիկայում:

Վստահ եմ, որ այսպիսի գրքի հրապարակումը կլինի հաճելի ու վաղուց սպասված անակնկալ և հոյակապ նվեր բնագիտական հետաքրքրություններ ունեցող ընթերցողների համար:

Աստղաֆիզկոս, ֆ.մ.գ.թ.,
ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանի
տնօրենի տեղակալ՝
Հայկ Հարությունյան


Գիտահանրամատչելի գիրք գրելն ինքնին բարդ խնդիր է, հատկապես երբ այն նախատեսված է պատանի ընթերցողի համար: Քիչ հեղինակների է հաջողվում արծարծված բնագավառներում դրսևորել և՛ մասնագիտական խորը գիտելիքներ, և՛ ունակություն մատչելի ձևով, պարզ ու պատկերավոր բացատրելու բավական լուրջ հարցեր, այնպես որ նույնիսկ բնագիտության հիմքերին անծանոթ պատանի ընթերցողը չզգա այդ բարդությունը: Կարծում եմ այս գրքի հեղինակին դա հաջողվել է:

Հատկապես ուրախալի է այն, որ հեղինակը գրել է դասական գիտահանրամատչելի գիրք: Ցավոք, մեր օրերում նման գրքերը հազվագյուտ են դարձել: Ընթերցողներին ամենուր առաջարկվում են զուտ հանրագիտարանային տիպի գրքեր, տեղեկությունների ցաքուցրիվ պատառիկներով, որոնք չեն տանում պարզից դեպի բարդը, չեն կապվում ու միաձուլվում՝ դառնալով գիտելիքների ամբողջական համակարգ, աշխարհայացք: Իսկ Ավետիք Գրիգորյանի գրքում մենք տեսնում ենք մի ամբողջական հետաքրքրաշարժ պատմվածք ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունը քարե դարից մինչև մեր օրերը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում: Տրված են նաև ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և անգամ ինֆորմատիկայի հիմքերը: Թվում է, թե այսքան տարբեր թեմաները, որոնք նաև բազում թելերով փոխկապակցված են, հնարավոր է շարադրել մի գրքի մեջ միայն հանրագիտարանային ոճով: Սակայն, հեղինակին հաջողվել է անել անհնարինը. միավորել այդ ամենը մեկ հաջորդական շարքում, ընթերցողի «ճանաչման» ուղու վրա՝ գնալով շրջապատող աշխարհի մասին պարզ, առօրեական հասկացություններից ու պատկերացումներից դեպի լուրջ գիտելիքներ և այդ աշխարհի խորը ըմբռնում: Նշված թեմաների դասավանդման բազմամյա փորձի շնորհիվ հեղինակը գտել է նյութի շարադրման այն բացառիկ հերթականությունը, որը թույլ է տվել ամեն մի նոր տեղեկություն տալուց հենվել միայն մինչ այդ շարադրվածի վրա՝ առանց դիմելու հաջորդ էջերում շարադրվելիք նյութին: Թեմաների այսպիսի բազմազանության համար դա ինքնին լուրջ ուսումնամեթոդական նորույթ է:

Գիրքը տարբեր աղբյուրներից քաղված նյութերի հավաքածու չէ, ինչպես հաճախ լինում է գիտահանրամատչելի հրապարակումներում: Այն իսկական հեղինակային գիրք է: Աշխույժ, հետաքրքրաշարժ շարադրանքը, համեմված երբեմն տեղին հումորով, երբեմն էլ հեղինակի ոգեշնչումով ու հիացմունքով, սրամիտ վերնագրերը, հաջող ընտրված կամ հենց հեղինակի գրած տպավորիչ բնաբանները գունեղ լուսանկարների ու պարզաբանող պատկերավոր նկարների հետ միասին գրավում են ընթերցողին և ստիպում կլանված շարունակել ընթերցումը: Հեղինակն անընդհատ դնում է ընթերցողի առջև հետաքրքիր հարցեր արտաերկրային խորհրդավոր աշխարհի գաղտնիքների վերաբերյալ և հետազոտական ու թռչող տեխնիկային առնչվող խնդիրներ՝ դրանով իսկ դրդելով նրան մտորել ու հասնել ամենատարբեր մտահղացումների, վարկածների ու տեխնիկական լուծումների: Դա հարուցում է նրա մեջ պրպտող հետաքրքրություն և սերմանում ստեղծագործական մոտեցում գիտատեխնիկական գիտելիքների ուսումնասիրման և յուրացման գործում:

Գրքում հստակ տրված են «գիտական փաստ» և «գիտական վարկած» գաղափարները, ճշմարտության չափանիշները գիտության մեջ և մասնավորապես աստղագիտության մեջ: Ի դեպ, ներկայացված նյութի գիտական ճշգրտությունն ամենևին էլ չի տուժել շարադրանքի հանրամատչելի, գեղարվեստական ոճից: Գրքի մյուս կարևոր արժեքը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է հայ ազգի և նրա հայտնի գործիչների ներդրումը համաշխարհային գիտության և տեխնիկայի նշված ուղղություններում՝ այլ ազգերի և աշխարհահռչակ գոծիչների շարքում: Դրանից այդ ներդրումն ավելի ծանրակշիռ է ներկայանում, քան եթե գրված լիներ միայն հայերի գիտատեխնիկական նվաճումների մասին:

Ընդհանուր առմամբ՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքն իր ժանրում փայլուն հաջողություն է. դժվար է մտաբերել այդպիսի ծավալուն գիտահանրամատչելի գիրք՝ գրված հայերեն, հայ հեղինակի կողմից: Այն կարող է ծառայել որպես հոյակապ լրացուցիչ բնագիտական գրականություն աշակերտների, ուսանողների և դասավանդողների համար, և լինել ուշագրավ գիրք ցանկացած տարիքի հետաքրքրասեր ընթերցողի համար: Պատանի ընթերցողի ձեռքում այն կարող է անգամ կանխորոշել նրա հետաքրքրություններն ու մասնագիտական կողմնորոշումը, և ընդհանրապես կյանքի ուղին:

Հենց այսպիսի գրքեր են հարկավոր Հայաստանի գիտատեխնիկական վերածնման համար:

Աստղաֆիզկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանի
գլխավոր գիտաշխատող,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝
Էլմա Պարսամյան


Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը հաճելի անակնկալ դարձավ ինձ համար: Հիրավի, «ամեն մի նոր բան լավ մոռացված հինն է»: Այս գիրքն ինձ հիշեցրեց այն գիտահանրամատչելի գրքերը, որոնք մեծ հաճույքով, կլանված ընթերցում էինք խորհրդային տարիներին, և որոնք լրջորեն օժանդակում էին գիտատար բնագավառների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու և այն միջավայրի ստեղծման գործին, որում էլ աճում և ձևավորվում էին նվիրյալ, բարձրակարգ մասնագետներ:

Սա բավական ծավալուն ու համապարփակ գիրք է, որն ի զորու է բնագիտությունից անտեղյակ պատանի ընթերցողին դարձնել հետաքրքրասեր, պրպտող, առաջացնել նրա մեջ երազանքներ ու նպատակներ, մի խոսքով՝ տալ նրան այն բոլոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են գիտության մեջ և տեխնիկայում հետազոտող, ստեղծագործող ու աշխարհայացք կրող անհատի ձևավորման համար: Հենց այդպիսի ակունքներ ունեցող մասնագետներն են կարողանում հեղափոխական մոտեցումներով նկատելիորեն առաջ շարժել գիտությունը: Անշուշտ, գիրքը օգտակար ու հետաքրքիր կլինի նաև ուսանողների և ուսուցիչների համար: Այն հաճույքով կարող են կարդալ անգամ բնագիտության հետ անմիջապես չառնչվող ամենատարբեր տարիքի ընթերցողներ, ովքեր ընդհանրապես հետաքրքրվում են արտաքին աշխարհով: Այսինքն՝ գիրքը կարող է ունենալ մեծ կրթական նշանակություն և կատարել գիտատար բնագավառների մասսայականաց­ման դեր: Իսկ դա շատ կարևոր է այսօրվա Հայաստանի համար, որը մեծապես կորցրել է իր երբեմնի գիտատեխնիկական ներուժն ու արժեքները:

Կարծում եմ, որ գրքի հաջողությունը կանխորոշված է հեղինակի կողմից հեռատեսորեն ընտրված հետաքրքիր թեմաներով, որոնք վերաբերում են տիեզերական խորհրդավոր երևույթներին ու անսովոր տեխնիկային, պարզ ու գեղարվեստական շարադրանքով, ինչպես նաև ամբողջական պատվածքով նյութը դասագրքային հետևողականությամբ մատուցելու մոտեցումով, որի շնորհիվ հեղինակին հաջողվում է տալ համակարգված գիտելիքներ և աշխարհայացքային պատկերացումներ:

Հիացնում է հեղինակի մասնագիտական բարձր մակարդակը այդքան տարբեր բնագավառներում: Թվում է, թե նա պետք է փայլեր միայն իր հարազատ մասնագիտության՝ աստղագիտության ու, թերևս, ֆիզիկայի մեջ: Սակայն, ուշադիր կարդալով օդագնացության, ավիացիայի և տիեզերագնացության բաժինները, երևում է, որ դրանք էլ տարբեր աղբյուրներից հավաքված պարզունակ փոխառություններ չեն: Հեղինակը շարադրել է այդ ամենը ինքնուրույն, մասնագիտորեն ճշգրիտ և իրատեսական՝ առանց զուտ սիրողական մակարդակին բնորոշ թյուր ըմբռնումների ու լրագրողական ուռճացումների: Թերևս, դեռ դպրոցական տարիքից ունեցած լուրջ հետաքրքրությունների ու տարիներ շարունակ իր վարած արտադպրոցական խմբակում դասավանդելու փորձի շնորհիվ նա դարձել է այդ բնագավառներում իսկական ինքնուս մաս­նագետ: Ավելին՝ Բյուրականի Աստղադիտարանից հետո, նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում, մասնավորապես հրթիռաշինության մեջ, և իր ղեկավարած խմբի հետ միասին ստեղծել է երկիր-երկիր անղեկավարելի հրթիռների մշակման համակարգչային ծրագրերի մի ամբողջ փաթեթ, մասնակցել այդ հրթիռների ստեղծմանն ու փորձարկմանը: Ուստի, պատահական չէ, որ գրքի մասնագիտական որակը բարձր է հավասարապես բոլոր մասերում:

Հարկ է նշել այն, որ հեղինակը կարողացել է մտնել պատանի ընթերցողի հոգեբանության մեջ և, հաշվի առնելով անգամ նրա լեզվական մակարդակը, շարադրել նյութը նրա համար հետաքրքիր ձևով, պարզ ու հասկանալի լեզվով, առանց դիմելու ավելորդ ակադեմիական բարդությունների: Բոլոր բացատրությունները լիարժեք են: Դրանք առանց թռիչքների, պարզ ու հաջորդական քայլերով հասցնում են ընթերցողին երևույթի խոր ըմբռնման: Որոշ տեղերում հեղինակն իրավացիորեն տվել է համեմատաբար մանր տառատեսակով առանձնացված, երբեմն թեմայից մի փոքր շեղվող, բայց իսկապես անհրաժեշտ լրացումներ ու բացատրություններ: Դրանք օգնում են, որ նյութը հետաքրքիր լինի անգամ բանիմաց ընթերցողի համար:

Այսպիսով, գիրքը բոլոր առումներով հաջողված է և կարող է զգալի ներդրում ունենալ միջնակարգ և դրանից էլ բարձր աստիճանի կրթության մեջ:

Ֆիզկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝
Արթուր Իշխանյան