?ading research associate
of Byurakan Observatory, PhD,
Founding president of ArAS
Areg Mickaelian

«Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի հեղինակը՝ Ավետիք Գրիգորյանը մասնագիտությամբ աստղաֆիզիկոս է: Նա ծնվել է Երևանում, 1961թ.: Արդեն դպրոցական տարիքում, սովորելով անգլիական թեքումով թիվ 172 միջնակարգ դպրոցում, նա հետաքրքրվել է ֆիզիկայով, աստղագիտությամբ և տիեզերագնացությամբ, վարել դպրոցի ֆիզիկայի խմբակը, կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ:

Դպրոցը գերազանց ավարտելուց հետո նա սովորել է Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետում և գերազանց ավարտել այդ ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնը: ԵՊՀ-ում արդեն նրա գրած կուրսային աշխատանքը և Սանկտ-Պետերբուրգի (այն ժամանակ Լենինգրադի) Ժդանովի անվան համալսարանում գրած դիպլոմային աշխատանքը գնահատվեցին որպես լուրջ գիտական աշխատանքներ և առաջարկվեցին տպագրության:

Ուսումն ավարտելուց հետո Ավետիք Գրիգորյանը, ինչպես երազում էր դեռ դպրոցական տարիներից, ընդունվեց աշխատանքի Բյուրականի աստղադիտարանում, տեսական աստղաֆիզիկայի բաժնում: Ավարտելով ծառայությունը բանակում՝ նա վերադարձավ Բյուրականի աստղադիտարան և որոշ գիտական աշխատանքներ կատարելուց հետո սկսեց աշխատանքը թեկնածուական թեզի վրա:

1988-ի քաղաքական դեպքերը և դրան հետևած ադրբեջանական ռազմական գործողությունները Արցախի ու Հայաստանի դեմ ստիպեցին նրան թողնել սիրած մասնագիտությունը և նվիրվել պաշտպանական խնդիրներին: Նա աշխատեց ռազմարդյունաբերական համալիրի տարբեր ինստիտուտներում որպես ֆիզիկոս: Ղեկավարելով տեսական հետազոտությունների լաբորատորիան՝ նա ստեղծեց համակարգչային ծրագրերի մի ամբողջ փաթեթ, որն օգնում էր ինժեներներին մշակել տարբեր պաշտպանական միջոցներ, մոդելավորել դրանց աշխատանքի հետ կապված բոլոր պրոցեսներն ու գտնել պահանջվող բնութագրերն ապահովող լուծումներ, ինչպես նաև ստեղծել այդ միջոցների կիրառության մանրամասն ուղեցույցներ: Դրան զուգահեռ նա 2 տարի վարեց համակարգչային օպերատորի դասընթացներ «Ֆիդայի» բարեգործական ընկերությունում՝ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների այրիների համար: Սակայն, 9 տարի անց պաշտպանական միջոցների ստեղծման ծրագրերի ֆինանսավորումը դադարեցվեց, և հիմա նա աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ամերիկյան ընկերության հայկական մասնաճյուղում՝ որպես տեխնիկական գրող:

Մյուս կողմից, 1988-ին Ավետիք Գրիգորյանը սկսեց իր կրթական գործունեությունը և ստեղծեց աշակերտների արտադպրոցական խմբակ, որն այժմ գործում է «Քվանտ» վարժարանում և կոչվում է Տիեզերագիտական ակումբ: Դասավանդման հիմնական ուղղություններն են օդագնացությունը, ավիացիան, աստղագիտությունը, տիեզերագնացությունը, թեև այդ բոլորը խորապես ըմբռնելու համար ուսուցանվում են նաև ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի և տեխնիկայի հիմքերը: Գլխավոր առանձնահատկությունը ընդգծված ստեղծագործական մոտեցումն է և՛ դասավանդման, և՛ ուսման մեջ:

Ակումբի շատ սաներ հասել են մեծ հաջողությունների բնագիտական առարկաների յուրացման մեջ (բազում դիպլոմներ միջազգային առարկայական օլիմպիադաներից ու մրցույթներից), դարձել բաձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ և ինժեներներ: Նրանցից շատերն աշխատում են այժմ Հայաստանում, ոմանք էլ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում (12 ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածուներ և մեկ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր): Ակումբի դասընթացն անցածների թվում են միջազգային առարկայական օլիմպիադաների 10 մեդալակիրներ (աստղագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա), ՀՀ նախագահի տարեկան կրթական մրցանակաբաշխության 3 հաղթողներ, ՀՀ նախագահի մրցանակի 2 դափնեկիրներ և բնագիտության մեջ Պետական մրցանակի 2 դափնեկիրներ։ Նրանք նաև իրենց լուման են ներդնում Հայաստանի կրթության մեջ՝ դասավանդելով տարբեր կրթական կենտրոններում:

Հենվելով Ակումբում դասավանդելու տարիներին ձեռք բերած մանկավարժական փորձի ու գտած մեթոդական նորույթների վրա՝ Ավետիք Գրիգորյանը գրել է «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը, որը բազմամյա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Հեղինակն անցել է այդ փորձությունը որպես կրթության խանդավառ նվիրյալ՝ չունենալով անգամ հուսադրող որևէ հեռանկար տպագրման ֆինանսավորման համար: Տպագրությունից հետո գիրքն ունեցավ նշանակալի հաջողություն և նպաստեց Հայաստանում նշված ոլորտների մասսայականացմանն ու համապատասխան առարկաների դասավանդմանը։

Ավետիք Գրիգորյանը Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ է և հանրապետական աստղագիտական օլիմպիադաների հանձնաժողովի անդամ: Մասնակցել է միջազգային աստղագիտական օլիմպիադաներին որպես ժյուրիի անդամ և Հայաստանի թիմի ղեկավար:

2012 թ. Հայաստանում աստղագիտության դասավանդման մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և նոր մեթոդների մշակման համար Ավետիք Գրիգորյանն արժանացել է Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային վկայագրի, իսկ 2013-ին կրթության ոլորտում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:

Քանի որ Ակումբի երկար տարիների գործունեությունը ըստ էության համարժեք էր հասարակական կազմակերպության ակտիվ գործունեության, 2018 թ․ Ավետիք Գրիգորյանը իր սաների հետ միասին պաշտոնապես գրանցեց այն որպես "ԱՅԱՍ" Տիեզերագիտական ընկերություն։

 

Բյուրականի Աստղադիտարանի տնօրեն,
Հայկական աստղագիտական ընկերության
հիմնադիր նախագահ, ֆ.մ.գ.թ.՝
Արեգ Միքայելյան